ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ
մոտ 1100 - 1173
ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ
* * *
Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:
(Արև)
* * *
Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:
(Կատու)
* * *
Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:
(Ցորեն)
* * *
Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:
(Կրիա)
* * *
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:
(Գիրք)
* * *
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
(Մեղու)
* * *
Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:
(Մորեխ)
* * *
Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
(Լուսին)
* * *
Տեսա իմ հոգու հոգին
Հողում թաղվեց, մահացավ,
Շատ չարչարվեց ու կրկին
Ծիլ արձակեց, բարձրացավ,
Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ:
(Ցորեն)
* * *
Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:
(Լուսին)
* * *
Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:
(Հովազ)
* * *
Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն:
(Մեղու)
* * *
Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:
(Գետ)
* * *
Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:
(Գարուն)
* * *
Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:
(Դուռ)
* * *
Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:
(Ձուկ)
* * *
Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:
(Մրջյուն)
* * *
Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:
(Սագ)
* * *
Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:
(Երկինք)
* * *
Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:
(Նամակ)
* * *
Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:
(Արև)
* * *
Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
(Միտք)
* * *
Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:
(Խնոցի)
* * *
Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:
(Սանր)
Լրացուցիչ տեղեկություններ
Աղբյուր՝ Հանելուկներ: Դպրոցական կրտսեր տարիքի համար, "Սովետական
Գրող" Հրատարակչություն: Երևան, 1984թ.
Տրամադրել է՝ Սվետլանա Ավագյան
Scanned: Աննա Վրթանեսյան
OCR: Աննա Վրթանեսյան
Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյա
1100(?) - 1173
ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, Երգեցող (մոտ 1100, Ծովք դղյակ, Ծոփաց նահանգի Անձիտ
գավառ —13.8.1173, Հռոմկլա), հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղ. գործիչ:
Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան
Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն
է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ
եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն
ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում,
1150-ից՝ Հռոմկլայում: Ն. Շ-ու համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության
պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին
և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատևումը: Հակադրվելով քրիստոնեական եկեղեցիների
միության բյուզ. ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզ.
եկեղեցու հովանու տակ, Ն. Շ. գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որևէ
մեկի գերիշխանությամբ, այլ յուրաքանչյուրի ընդունելի
գծերը պահպանելու, տարաձայնությունները փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության
ճանապարհով:
Իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ն. Շ. ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում
է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երևույթներին անդրադառնալիս
երբեմն դրսևորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ
և դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի և, ելնելով ընդհանուր
բարօրության շահերից, Ն. Շ. հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման
գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգևոր, իշխանական,
զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու
հասարակական կյանքում, հետևաբար պետք է համագործակցեն խաղաղությամբ: Ն. Շ. հակառակ
է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաև՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող
ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության
սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները:
Ն. Շ. թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր)
և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, հանելուկներ, վիպերգական,
վիպաքնարական բնույթի քերթվածներ ևն): Արձակից մասնավորապես հայտնի է «Թուղթ ընդհանրականը»
(1166, հրտ. 1788):
Բազմաբովանդակ ու հարուստ է Ն. Շ-ու չափածոն: Գրիգոր Նարեկացուց հետո նա զարգացրեց
հայ չափածո խոսքը թե' բովանդակության, թե' ձևի առումով: Նա շարականին հաղորդեց քաղաքացիական
բովանդակություն՛ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Հիշարժան են Աբգար
թագավորին, Տրդատ Մեծին ե Աշխեն թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոնդյանց նահատակներին
նվիրված շարականները: Առանձնապես բարձր արվեստով է ստեղծված վարդանանց հերոսներին
նվիրված «Նորահրաշ պսակաւորը»: Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել
«Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները,
որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային
ոգու զարթոնքը:
Ն. Շ-ուց պահպանվել են մանկավարժական-ուսուցողական բնույթի ոտանավորներ, ուղերձներ
ու բանքեր, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ բանաստեղծության մեջ: Սրանք գրվել
են ընթերցողին բարոյապես կրթելու, օգտակար գիտելիքներ տալու նպատակով: Խրատական
ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր՝՝ բաղկացած 36 հանգավոր տներից, որոնցից
յուրաքանչյուրն սկսվում է հայոց այբուբենի հերթական տառի անունով: Բանաստեղծն այս
ձևն է ընտրել, ինչպես ինքն է նշել, որպեսզի մանուկները կարողանան հեշտությամբ և'
նյութը մտապահել, և' յուրացնել հայոց գրերի կարգը: Ուշագրավ խրատներ ու գիտելիքներ
են պարունակում «Առ եղբորորդին իւր Ապիրատն» ուղերձն ու «Յաղագս երկնի և զարդուց
նորա» (1162) տիեզերագիտական պոեմը, որն ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով:
Հանելուկի, իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը և դասական կատարելագործումը
նույնպես կապվում է Ն. Շ-ու անվան հետ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ,
որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հեղինակն ստեղծել է աշխարհականների համար,
որպեսզի անբովանդակ զրույցներով զբաղվելու փոխարեն մարդիկ ունենան ժամանցի ավելի
օգտակար միջոց: Նրա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց
պատմությունն ու բանահյուսությունը: Այս առումով էլ Ն. Շ-ու հանելուկները հայ գրականության
աշխարհականացման առաջին դրսևորումներից են:
Մեծ է Ն. Շ-ու «Վիպասանութիւն...» (1121, հրտ. 1643), «Ողբ Եդեսիոյ» (1145, հրտ.
1810), «Բան հաւատոյ» (1151) և «Յիսուս որդի» (1152, հրտ. 1643) մեծածավալ ստեղծագործությունների
գրապատմական նշանակությունը: Սրանք գեղ. չափածո խոսքի նոր տեսակներ են, որ դարձան
հայ վիպերգական և վիպաքնարական պոեմների նախօրինակները: Վերջին երկու գործերը գրվել
են Աստվածաշնչի թեմաների հիման վրա և հղացման ու արվեստի տեսակետից որոշակի հետաքրքրություն
են ներկայացնում:
Առանձին հարցերում հետևելով Գրիգոր Նարեկացու և Գրիգոր Մագիստրոսի ավանդներին, Ն.
Շ., ի դեմս «Յիսուս որդի» վիպական ողբերգության, հորինել է բոլորովին ինքնատիպ մի
երկ, որն առանձնանում է թե' բանաստեղծական մտքի թռիչքներով, թե' ժամանակի մարդու
հոգեբանության լայնակի ու խոր պատկերումով:
«Վիպասանութիւն...»-ը, որի նյութը հայ ժողովրդի պատմության դրվագներն են, գրված
է հոմերոսյան դյուցագնավեպերի նմանողությամբ, ունի շեշտված աշխարհիկ բովանդակություն:
Պատկերելով ազատագրական պայքարի Փառավոր դրվագները, նախնիների հերոսական քաջագործությունները՝
բանաստեղծի նպա-
տակն է հայրենասիրության ոգով դաստիարակել ընթերցողին: Ն. Շ-ու հայրենասիրական գաղափարներն
առավել հստակ են դրսևորվել «Ողբ Եդեսիոյ» պոեմում, որը նրա գլուխգործոցն է և միաժամանակ
հայ քաղ. պոեզիայի անդրանիկ երկը: Այն քնարավիպերգական ստեղծագործություն է՝ օժտված
ծավալուն սյուժեով (Եգեսիա քաղաքի, պաշարումը, պաշտպանությունս, գրավումը, կոտորածն
ու կողոպուտը, որոնք 1144-ի վերջերին տեղի ունեցած իրական դեպքեր են): Երկի մեջ
հանդես է գալիս նաև քնարական հերոսը՝ որոշակի ապրումներով ու զգացմունքներով, ապագայի
նկատմամբ ունեցած հավատով ու լավատեսությամբ: Պոեմը գրված է դիմառնության ձևով.
Եդեսիան անձնավորված է իբրև որդեկորույս, որբևայրի մի կին, որը սգում է իր դժբախտությունը:
Այս միջոցով հեղինակն ստեղծել է կնոջ կենդանի ու ամբողջական բնավորություն, հորինվածքը
դարձրել տպավորիչ ու հուզական: Հասուն արվեստագետի վարպետությամբ են նկարագրված
ռազմ. գործողությունները: Դիմելով հակադրությունների, բանաստեղծն առավելապես պատկերում
է թշնամոլ բարբարոսական արարքներն ու բնակչության անձնուրաց սխրանքները: Եդեսիայի
կործանման նկարագրությամբ բանաստեղծն անդրադարձել
է նաև հայ ժողովրդի ճակատագրի հարցերին: Պոեմի սկզբում Եդեսիա-մայրը իրեն ողբակից
է հրավիրում Վաղարշապատ և Անի մայրաքաղաքներին՝ հիշեցնելով, որ նրանք նույնպես զրկվել
են փառքից ու հզորությունից: Իդեալականացնելով անցյալը, Ն. Շ. ձգտել է կենդանի պահել
քաղ. ազատության հասնելու գաղափարը, տեսնել հայրենի երկրի պետ. վերածնունդը: Պոեմն
ավարտվում է լավատեսությամբ, որբևայրի մայրը վերջնականապես դժբախտացած չի համարում
իրեն՝ երբ լուծվի վրեժը, ինքը նորից կերջանկանա, օտարությունից տուն կդառնան տարագիրները:
Ն. Շ. չի ղեկավարվել իրականությանը համակերպվեյու քրիստոնեական գաղափարով, այլ գտել
է, որ միայն պայքարով ու հաղթանակով է հնարավոր նվաճել ազատությունը:
Ն. Շ. շատ է օգտվել ժող. բանահյուսությունից: Մեծ է նրա դերը բանաստեղծական տեխնիկայի
և տաղաչափության զարգացման գործում: Նա ստեղծագործել է հայկ. չափերի գրեթե բոլոր
տեսակներով, որոնց մի մասի ստեղծողը ինքն է: Կանոնավորել է հայերենի տաղաչափությունը՝
բարձրացրել չափածո խոսքի ռիթմիկ-երաժշտական կողմը: Հետևելով Գրիգոր Մագիստրոսին,
նա իր մեծ ու փոքր ծավալի գործերը գրել է հանգերով: Այդպիսիք են նաև նրա շարականներն
ու հոգևոր տաղերը, որպիսիք մինչ այդ հորինվում էին ազատ չափերով և անհանգ: Բայց
Ն. Շ-ու մեզ հասած չափածո ժառանգության մեծ մասը միահանգ է: Նա այն կարծիքին է,
թե միահանգությունը արվեստի կատարելությունն է, թեև որոշ գործեր ստեղծել է փոփոխական
հանգերով: Սա արդեն նոր երևույթ էր հայ բանաս տեղծության մեջ, որը չէին կարող չնկատել
հաջորդ դարերի տաղասացները: Շարունակելով Գավթակ Քերթողի և Գրիգոր Նարեկացու ավանդույթները,
Ն. Շ. բազմազան ձևերով և հաճախ գործածել է ակրոստիքոսի, բաղաձայնույթի և առձայնույթի
հնարանքները:
Վ. Ներսիսյան
* * *
Ն. Շ. կամ Ն. Երգեցողը հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն
է, և առհասարակ ֆեոդ. Հայաստանի մասնագետ բանսատեղծ-երաժիշտներից մեծագույնը, որն
իր արվեստի խորքով, տարողությամբ ու արժեքով դուրս է գալիա հայ իրականության սահմաններից
ու դառնում համաքրիստոնեական (մանավանդ՝ արլ. քրիստոնեական) քաղաքակրթության խոշոր
երևույթներից մեկը: Պահպանված գրական ու երաժշտ. շատ նյութեր, ձեռագրական փաստեր
ցույց են տալիս, որ Ն. Շ. եղել է ոչ միայն բազմարդյուն երգահան, այլև ժամանակի լավագույն
երգիչ-կատարողներից մեկը, գեղագետ, տեսաբան, ուսուցիչ, բարենորոգիչ, իսկ որպես ստեղծագործող
հորինել է հոգևոր (եկեղեցական), արտապաշտամունքային ու, ամենայն հավանականությամբ,
նաև աշխարհիկ երգեր: Նրա «Յիսուս որդի» ծավալուն պոեմն անցյալում եղանակավոր (ասերգի
ձնով) պատմվել ու մի ամբողջ շարք հատվածներում էլ նաև երգվել է, ինչպես «Սասունցի
Դավիթ» էպոսը: Ըստ եղած տվյալների, Ն. Շ.-ու աշխարհիկ երգերը պետք է որոնել գլխավորապես
նրա հանելուկներում:
Հոգևոր երաժշտության բնագավառում Ն. Շ. հանդես է եկել որպես մեծ բարենորոգիչ: Նա
կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգությունը և բարեձևություն
ու միակերպություն հաղորդել դրան: Շատ ավելի կարևոր է, որ Ն. Շ. բազմաթիվ ու բազմապիսի
ստեղծագործություններով ըստ ամենայնի ճոխացրել ու, միաժամանակ, XII դ. համար արդեն
ապաժամ մասերից ու ձևերից մաքրել է նույն պաշտոներգությունը՝ սեփական հեղինակությունները
զետեղելով մի շարք հնացած երգերի և երկար ու ձիգ սաղմոսասացությունների փոխարեն:
Չկա հայկ. միջնադարյան ծիսական-երաժշտական մի գիրք, որը վերանայած չլինի Ն. Շ.,
իսկ դրանցից մի քանիսը նա լրացրել է հիմնովին: Միջնադարյան ձեռագրերում ցրված Ն.
Շ-ու երգերը քննության են ենթարկվում նրանց գրական խոսքի կառուցվածքի (տաղաչափության),
ձայնեղանակների նշման ու գոռծնական կիրառման և խազավորման (խազագրերի հյուսվածքի)
տեսակետներով: Բացի այդ, նույն երգերի մի ստվար մասն առկա է նաև Էջմիածնում՝ անցած
հարյուրամյակում հայկ. ձայնագրության նոր համակարգի նշաններով ձայնագրված ժողովածուներում:
Վերջիններս ներկայացնելով հայոց հոգևոր երգարվեստի,
մասնավորապես երգեցողության, ուշ միջնադարյան պատկերը՝ միաժամանակ անդրադարձնում
են այդ արվեստի
հին ու հնագույն շատ շերտեր, որով և համեմատելի են միջնադարյան գրչագիր համապատասխան
մատյանների հետ: Հիշյալ ձայնագրյալ ժողովածուներում ներփակված Ն. Շ-ու ավելի քան
200 ստեղծագործությունների (շարականների և պատարագի ու ժամագրքի երգերի) ուսումնասիրումը
հնարավորություն է տալիս գաղափար կազմելու նրա երաժշտաբանաստեղծական արտահայտվելակերպի
գլխ. առանձնահատկությունների մասին, տարբերելու այդ ստեղծագործության ժանրային-ոճական
հիմնական ոլորտները և խորամուխ լինելու նրա արվեստի փիլ-յան մի քանի էական կողմերի
մեջ: Դրանք են՝ ձգտումը դեպի գեղ. կատարելությունը, որ հոգևոր երգարվեստում բարձրացնում
է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, արլ. ու արմ. մասնագիտացված արվեստների,
այլև սեփական ժողովրդի աշխարհիկ երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործումը,
որ նոր առումներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման տեսակետով,
վերջապես մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացումը, որը բարդ համաձայնույթների
(լադերի) ու բաղադրյալ (խրոմատիկ) հնչյունաշարի աստիճանների անկաշկանդ կիրառման պայմաններում
քնարական զեղումները հաճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: ՝Ն. Շ. հայկ.
միջնադարի այն մեծերից է, որը Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների,
Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ
արժեքավոր ավանդ է մուծել Վերածննդի շրջանն ու դրան հատուկ հումանիզմի շարժումը
հեռուներից նախապատրաստելու գործում:
Ն. Թահմիզյան
Երկ. Յիսուս որդի, ԿՊ, 1824: Բանք չափաւ, Վետ., 1830: Նամականի, Վնտ., 1838: Թուղթ
ընդհանրական, Էջմիածին, 1865: Ողբ Եդեմիոյ, Ե., 1973: Վիպասանութիւն, Ե., 1981:
Поэзия Армении с древнейших времен до наших дней, под ред. В. Брюсова, М., 1916;
Армянская средневековая лирика, сост. Л. Мкртчян, М., 1972.
Գրկ. Ալիշան Ղ., Շնորհալի և պարագայ իւր, Վնտ., 1873: Օրմանյան Մ., Ազգապատում,
հ. 1, ԿՊ, 1912: Կիրшկոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Աբեղյան Մ., Հայոց
հին գրականության պատմություն, հ. 2, Ե., 1946: Նույնի, Երկ., հ. 4, Ե., 1970: Գաբրիելյան
Հ., Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հ. 2, Ե., 1958: Հակոբյան Գ., Ներսես Շնորհալի,
Ե., 1964: Թահմիզյան Ն., Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Ե., 1973: Ներսես
Շնորհալի (հոդվածների ժողովածու), Ե., 1977: Մնացականյան Ա., Հայ միջնադարյան հանելուններ.
Ե., 1980:
|